Լրահոս
Իրավական
21:35
01.05.23
204

Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը երկրորդ անգամ է հարցաքննվել․ News.am

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը երկրորդ անգամ հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Կապիտանը, որին մեղսագրվում է վառարանն անզգուշությամբ բենզինը բորբոքելը, ինչն էլ առաջացրել է հրդեհը, առաջին անգամ հարցաքննվել էր դեպքից գրեթե մեկ ամիս անց՝ փետրվարի 15-ին: Հարցաքննությունն ընդհատվել էր նրա առողջական վիճակի պատճառով:

«Այս անգամ էլ Եղիշե Հակոբյանն էական բաներ է ասել, որոնք հակադրվում են գործի մյուս տվյալների հետ: Շատ բան այժմ չեմ կարող բացահայտել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, բայց ինքը վերահաստատել է, որ կացարանից դուրս գալու համար տղաներն ունեցել են 15-20 րոպե ժամանակ՝ մինչև կրակը նախասրահից կհասներ ննջարան, սակայն որևէ շարժ անգամ ննջարանից չի եղել, այսինքն՝ ինչ-որ բան խանգարել է իրենց: Ամենակարևոր հանգամանքը մինչև հիմա պարզված չէ՝ հրդեհից անմիջապես առաջ և հետո ինչ վիճակում են եղել զինվորները»,- ասաց Սարգսյանը:

Կապիտանի հաջորդ հարցաքննությունը կլինի երկու օրից:

Վերաքննիչ դատարանը նախորդ շաբաթ մերժել է Հակոբյանի կալանքի դեմ ներկայացված բողոքի միջնորդությունը: Հովսեփ Սարգսյանն անհիմն է համարում կալանավորման հիմքում ներկայացված պատճառը՝ նախաքննության հնարավոր խոչընդոտումը:

«Հակոբյանը երկու ամիս վարույթի իրականացման ընթացքում եղել է ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել, ցանկություն է հայտնել վարույթն իրականցնող մարմնի հետ աշխատելու, ցուցմունք է տվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ է բացահայտել: Այսքանից հետո խոսելը նախաքննությանը խոչընդոտելու մասին, աբսուրդ է»,- ընդգծեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ ևս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեև իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ և այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաև նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։