Լրահոս
Քաղաքական
23:30
02.05.23
145

Թագուհի Թովմասյանը Բրյուսելում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանն առնչվող հարցերը

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի և նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի` քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի հետ:

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով 120.000 հայ փաստացի գտնվում է պատանդի կարգավիճակում, զրկված է կյանքի, ազատ տեղաշարժի, առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով և փաստաթղթերով: Նա նշել է, որ այդ իրավիճակում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120.000 մարդու կյանք:

Իր խոսքում, ի թիվս այլ անվտանգային հարցերի, պատգամավորը հիշատակել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակից 1 շաբաթից ավելի հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին` իր խոսքում մատնանշելով մարդկանց` շարունակ խախտվող իրավունքները:

Հանդիպումների մասնակիցները շոշափել են բոլոր կարևորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին: