Լրահոս
Քաղաքական
11:08
07.02.23
86

Փնտրում է փոխնախարար. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց և քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը նաև կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, և դրա վառ ապացույցը նաև այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա նախարարի մեկ առաջին տեղակալ և երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ և երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։