Լրահոս
Աշխարհ
20:45
01.05.23
141

Նյու Յորք նահանգում քաղաքացիներն ավելի քան 3 հազար միավոր զենք են հանձնել նվեր քարտերի դիմաց

Img default alt hy

Ավելի քան երեք հազար միավոր հրազեն, ներառյալ հրացաններն ու ինքնաշեն զենքերը, հանձնվել են Նյու Յորք նահանգում հատուկ ծրագրի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը ՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարությունը:

Նախաձեռնության նպատակն է նվազեցնել բնակչության ձեռքին առկա զենքի քանակը և դրանով իսկ նվազեցնել հրազենի կիրառմամբ բռնի հանցագործությունների թիվը: Ծրագիրը ներառում է նվեր քարտերի դիմաց բնակչությունից զենքի ընդունում։

Միջոցառման շրջանակներում ուժային կառույցները որևէ բացատրություն և թույլտվություն չեն պահանջում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են հանձնել հրազենը: Առաջին զենքի համար անձը կարող է ստանալ նվեր քարտ՝ 500 դոլար անվանական արժեքով։ Յուրաքանչյուր հաջորդ միավորի համար՝ 150 դոլար: 

Բացի այդ, պարգևատրում է նախատեսված 3D տպիչով տպագրված զենքի կամ հնաոճ իրերի համար։

Ատրճանակներն ու հրացանները հնարավոր է հանձնել նահանգի ինը կետերում, այդ թվում ՝ երկուսը Նյու Յորք քաղաքում:

Այսպես, օրինակ, Սիրակուզա քաղաքում հանձնվել է 751 միավոր զենք: Այս բնակավայրում 2023 թվականի առաջին չորս ամիսներին սպանությունների թվի 133 տոկոս աճ է գրանցվել: Բրուքլինի կաթոլիկ դպրոցում առաջին երեք ժամում 90 միավոր զենք են հանձնել: