Լրահոս
Հասարակական
12:15
01.05.23
341

Կրակոցներ Մյասնիկյան պողոտայում. անհայտ անձը սպանել է 54-ամյա տղամարդուն և դիմել փախուստի

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։ Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել և կյանքից զրկել նրան։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։