Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
01.10.24
144

Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաև Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, և հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։

Ստորագրահավաք նախաձեռնողներն էլ, որպես պատճառ, նշել են նախարարի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնը։ Ներկա ՔՊ-ակաները, սակայն, ասել են, որ Գրիգոր Մինասյանն արդեն երկու տարի է պաշտոնավարում է, ու ամենևին նորություն չէ, որ Միքայել Մինասյանի եղբայրն է. ուստի չի կարող դա պաշտոնանկության համար լուրջ հիմք ընդունվել, ավելին՝ կարող է ծիծաղելի դիտարկվել։

Անդրանիկ Քոչարյանն էլ այդ պահին հանկարծ թիմակիցների մոտ հայտարարել է, թե Գրիգոր Մինասյանը Բեռլինում բնակարան է ձեռք բերել, ու թիմակիցներին վստահեցրել է, որ կոռուպցիոն միջոցներով է դա եղել, սակայն դարձյալ չի հիմնավորել իր ասածը։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հակադարձել են, որ պետք չէ «օդում խոսել», գոյություն ունի իրավապահ համակարգ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թող դիմեն, եթե իսկապես ապացուցվի, որ նախարարը կոռուպցիոն միջոցներով է բնակարան ձեռք բերել, կամ բերել է իսկապես, ապա իրավապահներն արդեն այդ հարցով կզբաղվեն։

Կարճ ասած՝ նախարարի պաշտոնանկության մասով ներիշխանական խարդավանքները դեռ շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հիմնավորումների է սպասում:

Հավելենք նաև, որ երեկ՝ երեկոյան, ԱԺ քառօրյա նիստից առաջ ՔՊ խմբակցության նիստ է հրավիրվել, որի ժամանակ Արփի Դավոյանը դիմել է Հայկ Կոնջորյանին՝ տեղեկանալու՝ արդյոք կա նորություն ստորագրահավաքի փաստաթղթերից, Կոնջորյանն արձագանքել է, որ փաստաթղթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, ու հաջորդ քայլը կքննարկեն արդեն վարչությունում:

Այժմ սպասում են պատասխանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: