Լրահոս
Առողջապահական
21:55
15.02.23
486

Երկրորդ տիպի դիաբետ․ ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս հիվանդության ժամանակ

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ 2-րդ տիպի դիաբետը օրգանիզմի կողմից կարգավորվող և որպես էներգիայի աղբյուր օգտագործվող շաքարի (գլյուկոզ) կուտակման խանգարումն է:

Այն կարելի է բնորոշել որպես երկարաժամկետ (քրոնիկ) հիվանդություն, որի արդյունքում արյան հունում շրջանառում է մեծ քանակով շաքար: Ի վերջո, բարձր շաքարի մակարդակը կարող է բերել արյան շրջանառության, նյարդային և իմունային համակարգի ախտահարումների:

2-րդ տիպի դիաբետի ժամանակ առկա են երկու առաջնային, փոխկապակցված խնդիրներ: Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) չի արտադրում բավարար ինսուլին հորմոն, որը կարգավորում է շաքարի մուտքը բջիջներ, և բջիջները ճիշտ ձևով չեն արձագանքում ինսուլինին և արյունից ավելի քիչ շաքար են վերցնում։

2-րդ տիպի դիաբետը նախկինում հայտնի էր որպես չափահաս տարիքում սկսված դիաբետ, սակայն ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետները կարող են սկսվել մանկական և արդեն չափահաս տարիքում: 2-րդ տիպի դիաբետն ավելի տարածված է ավագ տարիքի չափահասների շրջանում, սակայն գեր երեխաների թվի աճը հանգեցրել է հիվանդության երիտասարդացման։  

Որպես այդպիսին, 2-րդ տիպի դիաբետը բուժում չունի, սակայն մարմնի քաշի նվազեցումը, առողջ սնվելը և ֆիզիկական վարժությունները կարող են օգնել կառավարել հիվանդությունը: Եթե սննդակարգն ու վարժությունները արյան շաքարը վերահսկելու համար բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում:

2-րդ տիպի դիաբետի գանգատները և ախտանշանները հաճախ դանդաղ են զարգանում: Մարդը կարող է տարիներ շարունակ ապրել 2-րդ տիպի դիաբետով և չիմանալ այդ մասին:

Գանգատներն ու  ախտանշաններն են՝

անհագուրդ ծարավի զգացում,

հաճախամիզություն

քաղցի զգացում կամ շատակերություն,

քաշի չնախատեսված կորուստ,

թուլություն և հոգնածություն,

մշուշոտ տեսողություն,

դանդաղ ապաքինվող վերքեր կամ խոցեր,

հաճախակի կրկնվող վարակներ,

դաստակների կամ ոտնաթաթերի թմրածություն կամ ծակծկոցներ,

մաշկի մգացած հատվածներ, սովորաբար՝ թևատակերում և պարանոցի վրա:

Վերը թվարկված գանգատներից կամ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին և անցնել անհրաժեշտ հետազոտություն: