Լրահոս
Հասարակական
00:05
13.12.24
406

Երևանում «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, իսկ հետո բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի երկաթե ցանկապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս»-ի անվտանգության աշխատակիցները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու քաղաքացիները։

«Դեֆանսի» աշխատակիցները նաև վիրակապել են վիրավորներից մեկին։

Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։