Լրահոս
Առողջապահական
21:56
10.02.22
162

Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը

Img default alt hy

QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։

«Սահմանափակումներին մենք միշտ շատ ճկուն ենք մոտենում և դրանց դիմում ենք խիստ անհրաժեշտության պարագայում։ Երբ սահմանափակման հիմքում եղած իրավիճակը կարգավորվում է, մենք արագ արձագանքում ենք, սահմանափակումը հանում։ Դա վերաբերում էր նաև լոքդաունների քաղաքականությանը։ Միանշանակ, ժամանցի վայրեր այցերի սահմանափակումը նույնպես ժամանակավոր է»,- ասել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով` այս սահմանափակումն ուղղված է վարակելիության նվազեցմանը և պատվաստումների աճին նպաստելուն։ Նախարարն ասում է` այս ընթացքում այցելել է ինչպես թատրոն, այնպես էլ սրճարան։

«Ես ինքս այցելել եմ թատրոն էլ, սրճարան էլ։ Բարեբախտաբար, բոլոր տեղերում ստուգումներ են եղել։ Որևէ դժգոհություն չեմ լսել»,- ասել է Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սահմանափակման պատճառով ժամանցի վայրեր այցելուների թվի նվազմանը` Ավանեսյանը նշեց, որ այս պահին գնահատել, թե սահմանափակումն ազդել է սրճարանների շրջանառության վրա, ճիշտ չէ։

Նրա խոսքով` կորոնավիրուսային հիվանդացության բարձր մակարդակ ունենք, և երբ ակտիվ դեպքերի թիվը 25 000 է լինում, տարբեր տեղեր այցելուների թիվը, բնականաբար,ավելի քիչ է լինում։ Ամեն դեպքում, Ավանեսյանը կարծում է, որ սահմանափակումները չեն ազդել սրճարան այցելությունների վրա։