Լրահոս
Տարածաշրջան
23:00
03.07.26
137

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցությունն արագացնելու օգտին։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մեդվեդևը ժամանել էր Իրան՝ Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։

«Իրանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունը և կարեկցանքը, ինչպես նաև զրույցի ընթացքում ընդգծել է ռազմավարական համագործակցությունն արագացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական, լոգիստիկ և տարածաշրջանային ոլորտներում», - ասված է Փեզեշքիանի գրասենյակի մամուլի ծառայության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը սկսվել է ուրբաթ օրը՝ օտարերկրյա հյուրերի, քաղաքական և հասարակական գործիչների համար նախատեսված առանձին միջոցառմամբ։ Հուղարկավորության հիմնական մասը տեղի կունենա հուլիսի 4-ից 9-ը Իրանի մի շարք քաղաքներում։ Այն կավարտվի այաթոլլայի հուղարկավորությամբ՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Խամենեիի հրաժեշտի արարողությանը շուրջ 100 երկրների ներկայացուցիչների մասնակցության մասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, կառավարությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտգործնախարարներ, հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ։

Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Ամբողջ մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների և ապրիլին հաստատված հրադադարի հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով հրաժեշտի արարողությունը չէր հաջողվել անցկացնել, ինչի արդյունքում իշխանությունները որոշում էին կայացրել հետաձգել միջոցառումը՝ պատճառաբանելով ենթակառուցվածքները նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Ալի Խամենեիի զոհվելուց հետո Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբան, որը մինչ այժմ հանրությանը չի երևացել, սակայն հանդես է եկել իրան ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով, որոնց տեքստերը հրապարակել են իրանական պաշտոնական աղբյուրները։