Լրահոս
Առողջապահական
19:50
07.10.22
345

Չփակված զարկերակային ծորան. արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծից

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Սեպտեմբերի 29-ին՝ սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ, բժիշկ- սրտաբանները ևս մեկ անգամ խորհուրդ են տալիս անցնել առաջնային հետազոտություններէ կանխելու սիրտ- անոթային մի շարք հիվանդությունների առաջացումը։ Դրանց շարքում լայն տարածում ունեն սրտի կամ գլխավոր անոթների ներարգանդային զարգացման շեղումները, որոնց պատճառով առաջանում է միջսրտային արյան շրջանառության խանգարում, որն էլ ի վերջո ավարտվում է սրտային անբավարարությամբ։

Հիվանդության պատճառները հայտնի չեն։ Մասնագետները գտնում են, որ ներարգանդային զարգացման 3-8-րդ շաբաթվա ընթացքում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով կարող է խախտվել սրտի օրգանագոյացումն ու առաջանալ արատ։ Այդ տեսակետից մեծ դեր է տրվում վիրուսներին, մասնավորապես, կարմրախտի հարուցիչներին, իսկ որոշ դեպքերում հայտնաբերվում է ժառանգական հակում։

Երեխայի ծնվելու պահին, երբ օրգանիզմը ընկերքային շնչառությունից անցնում է թոքայինի, արյան շրջանառությունը զարկերակային ծորանով դադարում է, որը դատարկվում է և կյանքի առաջին տարվա ընթացքում խցանվում։ Այսպիսով, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե սաղմնային զարգացման խաթարումներին, այլ բոտալյան ծորանի խցանման ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարմանը։

Արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծից, արյան քանակից, արյան փոքր շրջանառության անոթների դիմադրողականությունից։ Հիվանդների մի մասի մոտ հեմոդինամիկայի նկատելի խանգարումներ կարող են չզարգանալ, բայց, մեծ մասամբ, չփակված զարկերակային ծորանը պատճառ է դառնում հեմոդինամիկայի զգալի արտահայտված խանգարումների։

Արյան փոքր շրջանառության մեջ արյան քանակն ավելանում է, իսկ մեծ շրջանառության մեջ՝ պակասում։ Արյան մեծ շրջանառության մեջ արյան անբավարար քանակը պատճառ Է դառնում այդ արատով տառապող երեխաների ֆիզիկական վատ զարգացման։ Երեխաները սովորաբար լինում են գունատ, նիհար, բայց մտավոր զարգացումը չի տուժում։ Որոշ հիվանդ երեխաներ երբեմն գանգատվում են հևոցից, սրտխփոցից, գերհոգնածությունից։

Ռենտգենյան հետազոտությունը ի հայտ է բերում սրտի մեծացում, թոքային զարկերակի աղեղի արտափքում, ուժեղացած թոքանկար։ Բաց զարկերակային ծորանի նշան է նաև զոնդի անցումը դեպի աորտա։ Թոքային զարկերակում հայտնաբերվում է արյան ճնշման բարձրացում և նրա քանակի շատացում։

Այս արատի ամենահաճախակի և ծանր բարդությունը, որ ի հայտ է գալիս երեխայի սեռական հասունացման շրջանում, ծորանի սեպտիկ էնդարտերիիտն է, որը կարող է հանգեցնել ընդհանուր սեպտիկ վիճակի, ինչպես նաև՝ այդ ծորանի պատռվելուն։ Հիվանդները մահանում են նաև մեծ տարիքում՝ սրտային անբավարարությունից։ Ժամանակին վիրահատելու դեպքում այս արատի հետագա բարդությունները, գրեթե, բացառվում են»։