Լրահոս
Արցախ
21:00
01.05.23
115

Արցախի իշխանությունը պետք է հորդորի ՀՀ իշխանությանը զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություններ վարելուց. Մետաքսե Հակոբյան․ News.am

Img default alt hy

Մենք գիտակցում ենք, որ մենակ ենք մնացել մեր բոլոր խնդիրների ու պրոբլեմների հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է համակերպվենք և 100 տարի անց նորից թուրքի յաթաղանն իջնի հայի պարանոցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Արցախում վճռական և միասնական դիրքորոշումը չկա, որ Հայաստանի քաղաքականությունը չի նպաստում Արցախը հայկական պահելու հեռանկարին, նա պատասխանեց. «Մենք չենք կասկածում, որ Արցախի իշխանությունները ևս չեն ուզում կորցնել Արցախը, իրենք ևս չեն ուզում որպես դավաճան մնալ պատմության մեջ: Բայց կա մի կարևոր հանգամանք, չունեն քաջություն դա անելու: Դա պետք է անել մի անգամ և առանց վախենալու և պատասխանատու լինել հետևանքների համար:

Չունենալով քաջությունը մերժելու ՀՀ իշխանություններին, այսօր Արցախում իշխանությունը շրջապատել են հենց ՀՀ վարչապետի կողմից նշանակված մարդիկ, և որպես ինչ-որ խորհուրդների նախագահ, և որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատերազմի ժամանակ պաշտոնյա էր, և որպես խորհրդական: Եթե Արցախի իշխանությունները ժամանակին քաջություն ունենային, այդ մարդիկ այդտեղ հայտնված չէին լինի: Արցախի իշխանությունները դավաճան չեն, բայց թուլակամ են, պետք է հասկանան, որ դա ևս հաղթահարելի է: Արցախի ժողովուրդը հաստատ սատարելու է նման իշխանություններին: Բոլորս ենք գիտակցում, որ փրկվելու միակ ձևը դա է: Մենք Արցախի իշխանություններին կոչ ենք անում հայտարարել, որ դեմ են Հայաստանի վարած քաղաքականությանը, հետևաբար հորդորում են զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություն վարելուց»: