Լրահոս
Արցախ
10:30
11.02.22
296

Արցախի ԱԳ նախարարը պատերազմից հետո առաջին անգամ այցելել է Բրյուսել

Img default alt hy

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10 տեղի է ունեցել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ) Արցախի հետ բարեկամության խումբը՝ գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեցին 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող և խորապես արմատացած հայատյացությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հայտնի է նաև, որ Դավիթ Բաբայանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի բարեկամության խմբի անդամ-սենատորների, Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, ինչպես նաև՝ Ֆլամանդական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ։  Նախարարը նաև Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների համար, ովքեր այցով Բրյուսելում էին գտնվում. դասախոսություն է կարդացել արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:  

Այցն ամփոփվել է Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։
 
Նշվում է, որ բոլոր հանդիպումների առանցքային թեմաների շարքում էին Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմությունը կեղծելուն միտված ադրբեջանական քաղաքականությունը, ինչպես նաև՝ դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը։