Լրահոս
Քաղաքական
18:46
25.11.24
162

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի համատեղ նիստին

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին Աստանայում։ 

Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։ 

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։ 

Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։