Լրահոս
Առողջապահական
22:25
15.02.23
155

Աղիքային վարակները հնարավոր է կանխարգելել՝ հետևելով հիգիենայի պարզ կանոններին

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ աղիքային վարակները կարող են ցանկացած ժամանակ ախտահարել յուրաքանչյուր մարդու, առաջացնել մեծ անհարմարավետություն և տարբեր գանգատներ, իսկ երբեմն էլ՝առողջական լուրջ խնդիրներ։

Եթե հիվանդն ունի աղիքային վարակ, նշանակում է, որ ախտածին` հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմները (մանրէներ կամ միկրոբներ) կարողացել են թափանցել  ստամոքս-աղիքային խողովակ, որը հանդիսանում է մարսողական համակարգի մի մասը։

Աղիքային վարակը երբեմն անվանում են «ստամոքս-աղիքային վարակ» կամ գաստրոէնտերիտ։

Մարդիկ սովորաբար վարակվում են հետևյալ ուղիներով՝

ուտելով կամ խմելով աղտոտված (վարակի հարուցիչ պարունակող) մթերք կամ ջուր (սննդային թունավորում),

շփման մեջ գտնվելով վարակված մարդկանց կամ աղտոտված առարկաների և իրերի հետ՝ սեղանի սպասք, ծորակներ, խաղալիքներ, մանկական տակաշորեր և այլն։

Հիվանդության ախտորոշման մեջ առանցքային նշանակություն ունեն առանձնահատուկ ախտանիշները և կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունը։ Աղիքային վարակի բուժումը հիմնված է առկա գանգատների ու հիվանդության ընթացքի, ինչպես նաև հավանական կամ հայտնաբերված հարուցիչի տեսակի վրա։

Աղիքային վարակները սովորաբար տարածված են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ պատշաճ մակարդակով չեն պահպանվում ընդհանուր հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնները և չեն իրականացվում կանխարգելման համապատասխան միջոցառումներ։

Ախտանիշները կախված են հարուցիչի տեսակից և դրա առաջացրած հիվանդությունից։

Հարուցիչի տեսակից անկախ աղիքային վարակները բնորոշվում են որոշ ընդհանրական ախտանիշների զարգացմամբ, որոնցից են՝

փորլուծություն,

սրտխառնոցի զգացում,

փսխում,

կծկանքային բնույթի որովայնի ցավեր,

ջերմության բարձրացում և տենդ,

գլխացավ։

Աղիքային որոշ վարակների ժամանակ (դիզենտերիա) փորլուծությունը կարող է ուղեկցվել կղանքում կամ ջրային արտաթորանքներում արյան և լորձի տեսքով։

Անհրաժեշտ է այցելել բժշկի, եթե՝

գանգատներն արտահայտված և անհանգստացնող են,

առկա է բարձր ջերմություն,

կղանքում առկա է արյուն կամ լորձ,

վիճակը շարունակվում է ավելի քան 2-3 օր,

զարգացել են ջրազրկման նշաններ, օրինակ՝ ծարավի մշտական զգացում և մեզի ծավալի նվազում։

Նորածինների մոտ աղիքային վարակի նշաններ զարգանալիս անհապաղ դիմել բժշկի, եթե՝

24 ժամվա ընթացքում լուծը կրկնվել է 6 անգամ կամ ավելի հաճախ,

24 ժամվա ընթացքում փսխումը կրկնվել է 3 անգամ կամ ավելի հաճախ,

առկա են ինքնազգացողության վատացման նշաններ՝ թույլ են արձագանքում, բարձր ջերմում են կամ քիչ են միզում,

փսխումները շարունակվում են ավելի քան 1 օր,

միաժամանակ առկա են փորլուծություն և փսխում,

արտաթորանքները կիսաջրիկ են և ավելի քան 2-3 օր պարունակում են արյուն,

ունեն սուր կամ կայուն ցավեր՝ ստամոքսի շրջանում։