Լրահոս
22:50
07.02.23
157

2-րդ բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են․ 168․am

Img default alt hy

168.am-ը գրել է․

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո լայն հանրությունն իմացավ, որ գոյություն ունեն տուն-զորանոցներ: Ավելին, որ Ազատ գյուղում տեղակայված տուն-զորանոցը միակը չէ:

Այս ֆոնին իշխանական շրջանակները հանկարծ սկսեցին խոսել իտալական մոդուլային կացարանների մասին: Իսկ հրդեհի միջադեպից անմիջապես հետո գլխատվեց 2-րդ բանակային կորպուսը, եղան պաշտոնանկություններ հրամանատարի, տեղակալների և այլն:

Այս ամենի համատեքստում 168.am-ը հունվարի 23-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. Արդյո՞ք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի «զորամասը» միակն էր՝ տեղակայված գյուղական տանը, իրականում շա՞տ են այդպիսի զորանոցները, ինչպես շրջանառվում է տարբեր տեղեկություններով, արդյո՞ք միայն Գեղարքունիքի մարզում է գյուղական տունը որպես զորանոց ծառայում:

2. Իտալական մոդուլային կացարանների տեղակայումից հետո արդյո՞ք ամբողջովին վերանալու են տուն-զորանոցները: Ի դեպ, դրանց մշտական տեղակայման վայրը պատրաստ է լինելու 2023-ի վերջին, այսինքն, առնվազն մեկ տարի զինվորները զինվորական ծառայություն են իրականացնելու ոչ դասական զորանոցային պայմաններում: Ի՞նչ է արվում հրդեհային անվտանգության համապատասխան պայմաններ, միջոցներ ստեղծելու համար, եթե, իհարկե, դա հնարավոր է, քանի որ գյուղական տների դեպքում ազդանշանային համակարգ չի կարող գործել, ըստ էության:

4. Տուն-զորանոցները արդյո՞ք հակառակորդի անմիջական տեսադաշտում չեն, ի՞նչ հեռավորության վրա են գտնվում դրանք, ի վերջո, մենք այս դեպքում գործ ունենք մի ամբողջ մարտական միավորման հետ:

5. Ե՞րբ 2-րդ բանակային կորպուսի թափուր հաստիքները կլրացվեն, քանի որ դրանց երկար թափուր մնալը, հատկապես, երբ հրապարակայնացվել է, անվտանգային լուրջ ռիսկեր և վտանգներ է ստեղծում, թշնամին այդ առիթից կարող է օգտվել:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ փետրվարի 6-ին Պաշտպանության նախարարության ուղարկած գրության մեջ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 23.01.2023 թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են պետական և ծառայողական գաղտնիք, որի կապակցությամբ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է:

Զինված ստորաբաժանումների՝ զորանոցային պայմաններում տեղակայումների գործընթացն ընթացքի մեջ է, կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Արձանագրված դեպքի շրջանակներում հանձնարարականներ են տրվել և ուժեղացվել է հակահրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խստիվ պահպանման վերաբերյալ:

Բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են, կադրային աշխատանքներ են տարվում առաջնային նշանակություն ունեցող այլ զորամասերի թափուր հաստիքների համալրման ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։