Լրահոս
Իրավական
13:16
07.11.25
237

Զորակոչից ազատելու նպատակով կաշառք տալու հերթական դեպքը. ՀՀ քննչական կոմիտե

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար:

Մասնավորապես՝ Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին:

Բացի այդ, Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել:

Ս.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։