Լրահոս
Մշակույթ
12:29
12.02.22
322

Խեղճուկրակ գրողն ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը․ Հրանտ Մաթևոսյանի ծնունդն է

Img default alt hy

«...Լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։ Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը»։

Մտքի հեղինակը հայ ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանն է, որի շրջանառած խոհը չի կորցնում իր այժմեականությունը՝ մեր ոչ հեշտ օրերում։

1935 թվականի հենց այս օ՛րը, փետրվարի 12-ին է ծնվել բազմավաստակ մտավորականը, որի երկնած գրքերն ու նրա սցենարով նկարահանված ֆիլմերը վաղուց դարձել են բոլորի սեփականությունը՝՝ հարազատի անմեկնելի զգացողությամբ։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։  Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ 

Մրցանակներ

1967 թվականին արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին։ 1984 թվականին ստացել է Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակը։ 1996 թվականին արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ պարգևին։


Մեծանուն գրողն իր մահկանացուն կնքել է 2002 թ․ դեկտեմբերի 19-ին։