Լրահոս
Տնտեսական
18:20
12.01.23
102

Թուրքիան կարող է անգամ սուբսիդավորել ՀՀ-ի բեռնափոխադրումները եւ էքսպանսիա իրականացնել. Գագիկ Մակարյան․ News.am

Img default alt hy

Թուրքիան Հայաստանի համար տարիներ առաջ միշտ եղել է առաջին հնգյակի մեջ գտնվող արտաքին առևտրային գործընկլերը, բայց դա ունեցել է միակողմանի բնույթ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան որոշել է Հայաստանի հետ օդային ուղիղ բեռնափոխադրումների արգելքը վերացնել:

«Օրինակ, եթե 10-12 տարի ռաջ մենք ունեինք 2 մլն դոլարի չափով արտահանում, ապա այդ թվերը նվազեցին մինչև 130 հազար, հետո արդեն համարյա զրո: Արտահանող ապրանքները հիմնականում եղել է հումք, չմշակված կաշի: Իսկ իմ նշած հնգյակի մեջ գտնվելու պարագայում Թուրքիայի հետ առևտուրը մինչև 270 մլն դոլարի է հասել և դա եղել է միակողմանի, այսինքն մենք այդքան ապրանք ենք ներկրել Թուրքիայից: Հիմնականում ներկրել ենք հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, երբեմն տեխնոլոգիական սարքավորումներ, հոսքագծեր և հումքի որոշ տեսակներ: Հիմնական արտահանման ուղին եղել է ցամաքային ճանապարհը:

Թուրքիայի հետ առևտրի ցուցանիշները խեղաթյուրված են նաև այն պատճառով, որ Թուրքիան պաշտոնապես իր վիճակագրությամբ ցույց չի տալիս առևտուր Հայաստանի հետ: Երկրորդ պատճառն այն է, որ մեր ընկերությունները Վրաստանում գրանցված ընկերությունների միջոցով էին Թուրքիայից ապրանք ներկրում Հայաստան:

Եթե օդային բեռնափոխադրումները թույլատրվում են, այստեղ վիճակագրությունը կբարելավվի անշուշտ, կունենանք հստակ պատկեր, թե ինչ ենք արտահանում և ինչ ենք ներմուծում: Քանի որ սահմանափակումների պատճռով Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը նվազել էր, դրանք որոշ չափով կվերականգնվեն, բայց Թուրքիան այլևս մի որոշ ժամանակահատվածում առաջին հնգյակի մեջ չի գտնվի»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ապագայում ուժեղանա Հայաստանից արտահանումը դեպի Թուրքիա, մասնավորապես, ոսկերչության, սարքաշինության, մետաղական իրերի ոլորտներում. «Ինչ վերաբերում է օդային ճանապարհին, մինչև հիմա մենք չունեինք բեռնափոխադրումներ: Հայաստանը չունի հատուկ բեռնատար ինքնաթիռներ, եթե Թուրքիայի կողմից դա կտրվի, դա արդեն ուրիշ մոտեցում է: Ես բազմիցս ասել եմ, որ Լարսի խնդրի լուծումներից մեկն այն է, որ վարձակալվեին բեռնատար ինքնաթիռներ և պետությունը դա սուբսիդավորեն»:

Ըստ Մակարյանի, եթե Թուրքիայի հետ բեռնափոխադրումներն ուղղված կլինի նրան, որ այդ ապրանքները դուրս գան նաև Եվրոպա, ապա դա էականորեն կխթանի ընդհանրապես Հայաստանի արտաքին առևտուրը. «Իսկ եթե ոչ, ապա օդային ճանապարհով Հայաստանի Թուրքիա արտահանվող ապրանքները քիչ կլինեն, որովհետև դրանք կախված կլինեն գնից: Գյուղատնտեսության մեջ Հայաստանը շատ քիչ տեղ ունի թուրքիայի հետ մրցակցելու: Հայաստանը կարող է սարքավորումներ, ոսկեղեն օդային ճանապարհով արտահանել:

Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի կողմից ավելի շատ դիվանագիտական քայլ է, ցույց տալու, որ Հայաստանի հետ որոշակի քայլեր արվում են: Թուրքիայում այս տարի ընտրություններ են, նաև Էրդողանին ուզում են ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի, և իրենց պետք է ցույց տալ, որ Հայաստանի մասով ևս առաջընթաց կա:

Այստեղ կա նաև վտանգը, որ թուրքական ապրանքները արագորեն կարող են հեղեղել ու էքսպանսիայի ենթարկել մեր շուկան: Նրանք այդպիսով կարող են ՀՀ-ում տնտեսական մրցակցության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել»,-հայտարարեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ Թուրքիան 5 ուղղություններով աշխարհում առաջին հնգյակում է՝ ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, տեքստիլի ու ֆուրնիտուրայի արտադրություն, դեղագործության ու տուրիսզմի ոլորտներ. «Հայաստանի դեղերի ներմուծման ծավալները 250-280 մլն դոլարի են հասնում: Թուրքիան կարող է այստեղ էքսպանսիայի ենթարկել Հայաստանը իր դեղորայքով, ինչը կարելի է շատ հեշտ օդային ճանապարհով բերել:

Թուրքիան կարող է անգամ սուբսիդավորել բեռնափոխադրումները և մեծ քանակներով ապրանք բերել Հայաստան: Թուրքիան փորձելու է Հայաստանն օգտագործել որպես ԵԱՏՄ երկիր, ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու համար»,-ասաց Մակարյանը:

Հարցին, թե օդային փոխադրումներն ինչպե՞ս կազդեն ներմուծվող ապրանքների գների վրա, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Օդային ճանապարհը երեք նշանակություն ունի, նախ այն արագություն է ապահովում, պա նաև գին ու քանակ է ապահովում: Հայաստանն ունի ապրանքներ, որոնք արագ արտահանման կարիք են ունեցել: Հաշվի առնելով, որ Սև ծովով ճանապարհը հիմա շատ ապրանքների համար չի գործում, օդայինը դառնալու է այլընտրանքային ճանապարհ: Այս դեպքում կապված մարժայից գործատուները կարող են նախընտրել օդային ճանապարհը, արագ մատակարարել իրենց ապրանքները: Երկրորդը, կան ապրանքներ, որոնք իրենց գնային առումով թույլ են տալիս փոխադրել օդային ճանապարհով: Օրինակ, հանքարդյունաբերույթյան դեպքում բարձր գները թույլ են տալիս փոխադրել օդային ճանապարհով, թեկուզ տրանսպորտի վրա մի փոքր ավելի շատ ծախսելով: Ոսկու դեպքում դա շատ իրատեսական է»:

Տնտեսագետը խոսեց նաև վտանգներից՝ նշելով. «Թուրքիան կարող է նաև թույլ չտալ, որ Իրանի հետ առևտուրը շարունակի զարգանալ: Ինքը լուրջ մրցակից է Իրանին:

Թուրքիայի արտահանման մոտ 30 տոկոսն իրանական ապրանքներ են: Սանկցիաների պատճառով Թուրքիան վերցնում է Իրանից և իր բրենդով վաճառում է այլ երկրների: Դա Իրանին ձեռնտու է: Թուրքիան լավ հասկանում է, որ Իրանի ազդեցությունը Հայաստանում մեծացել է, ինչը Թուրքիան չի ցանկանա: Հետևաբար, այս առևտրի թույլ տալը հնարավոր է կանխարգելիչ քայլ է Իրանի ազդեցությունը զսպելու համար»: