Լրահոս
Քաղաքական
21:18
16.07.22
263

Թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են իրենց դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե. Սաղաթելյան․ NEWS.am

Img default alt hy

Թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով այսօր Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է, առհասարակ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե, փաստաթղթավորեն իրենց հաղթանակը, որովհետև հասկանում են` երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, էլ այդ լեզվով չեն կարող խոսել Հայաստանի հետ, հետևաբար այս բոլոր քայլերն ու գործողությունները արդ շրջանակում է»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթացին` Սաղաթելյանն ասաց, որ ո΄չ իշխող ուժն է իրենց բերել խորհրդարան, ո΄չ էլ իշխող ուժը կարող է իրենց մանդատներից զրկել. «Մենք մեր քայլերում հաշվի չենք առնում իրենց կարծիքը, մենք շատ հստակ ձևակերպել ենք մեր դիրքորոշումը, մենք խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով, դա ձևակերպել ենք և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, մնացած բոլոր պարագաներում ես բացառում եմ: Մեզ հետ սպառնալիքներով, մանդատից զրկելով, չգիտեմ ինչերով չեն կարող, մենք բանի տեղ չենք դնում, քանի որ մեր երկրի օրակարգն ու մարտահրավերը դա չէ»։

Այն, որ իշխանությունը սրտատրոփ ձևեր է փնտրում իրենց մանդատից զրկելու համար, ըստ Սաղաթելյանի, պատասխան է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ մանդատները վայր դնելով՝ ավելի վնաս են տալու իշխանությունը. «Այս պահին մանդատները վայր չդնելը, ես կարծում եմ, ամբողջությամբ ճիշտ է ու հիմնավորված»: