Լրահոս
Աշխարհ
14:15
12.05.23
158

Տոկիոյի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-ի

Img default alt hy

Տոկիոյի մերձակայքում գտնվող Տիբա պրեֆեկտուրայում լույս մայիսի 11-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NHK պարբերականը:

5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:16-ին (Երևանի ժամանակով 23:16-ին)։ Օջախն ընկած է եղել 40 կիլոմետր խորության վրա։ Ցնցումների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված 7-բալանոց սանդղակով կազմել է 5 բալ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, բարձրահարկ շենքերում 5 ժամով կանգնեցվել են վերելակները։ Սկզբում հաղորդվել էր երեք տուժածի մասին։

Փորձագետները նախազգուշացրել են, որ նման հզորությամբ ցնցումներ կարող են տեղի ունենալ մոտ մեկ շաբաթ շարունակ: