Լրահոս
Հայաստան
10:45
14.02.22
233

«Շուշիի հռչակագիրը» դատապարտող օրինագծի տեքստը․ հեղինակը՝ «Հայաստան» խմբակցությունն է

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի պնդմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։

Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։

«ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ․ հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ։

Այդ հռչակագրով կնքվել է թուրք–ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում։

Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ։ Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։
Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ։
Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը։ Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է՝

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար։ Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։