Լրահոս
Միջազգային
14:32
03.07.26
30

Մոլդովայի նախագահը բաց թողեց վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորությունը․ Դոդոն

Img default alt hy

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բաց է թողել վարչապետ Ալեքսանդր Մունտյանուի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորությունը, ինչը թույլ կտար սկսել երկիրը ձգձգվող ճգնաժամից դուրս բերելու գործընթացը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է նախկին նախագահ, երկրի խոշորագույն ընդդիմադիր՝ Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը, որը Սանդուին կոչ է արել հասնել խորհրդարանի ցրմանը։

«Սանդուն, որպես պետության ղեկավար, պետք է վեր լինի քաղաքական կուսակցությունների պայքարից։ Եվ վարչապետի հրաժարականից հետո պետք է հասներ խորհրդարանի ցրմանը, որն իրեն վարկաբեկել է, և արտահերթ ընտրությունների հայտարարմանը։ Դրա փոխարեն նա նախընտրեց կառչած մնալ իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից, որը փլուզվում է հայտարարված բարեփոխումների լիակատար ձախողման, անօրինականությունների, կոռուպցիայի և ներքին հաշվեհարդարների բեռի տակ, և որը ժամանակին ինքն էր ստեղծել։ Ինչն ի վերջո պետության ղեկավարին կհանգեցնի նրան, որ այդ կուսակցությունը նրան էլ իր հետ հատակը կքաշի», - ասել է Դոդոնը՝ մեկնաբանելով վարչապետի հրաժարականը և Սանդուի խոստումը՝ նրա փոխարեն այդ պաշտոնում այլ թեկնածու առաջարկելու վերաբերյալ։

Նախկին նախագահը կարծում է, որ իշխող կուսակցության շուրջ մեկը մյուսի հետևից բռնկվող կոռուպցիոն սկանդալների պատճառով այն վերջնականապես կորցրել է ընտրողների վստահությունը և այլևս չի կարողանա պահել իշխանությունը։ «Ստացվեց հայտնի ասացվածքի պես՝ ավելի լավ է սարսափելի վերջ, քան անվերջ սարսափ։ Նախագահն ընտրեց երկրորդը, ինչով երկիրը դատապարտեց ձգձգվող ճգնաժամի շարունակմանը, որը սկսվել է իշխող կուսակցության իշխանության գալուց հետո», - պարզաբանել է Դոդոնը։

Անցյալ տարի վարչապետի պաշտոնում նշանակված Մունտյանուն անսպասելիորեն հայտարարել էր, որ «չի կարող կատարել իր մանդատը՝ իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան» և հրաժարական տվել։ Սանդուն, որի կուսակցությունը վերահսկում է խորհրդարանական մեծամասնությունը, հայտնել է, որ նոր վարչապետի թեկնածություն կառաջադրի։ Իր հերթին, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ հանդես է գալիս վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին։ Նման առաջարկներով հանդես են եկել Սոցիալիստների կուսակցության, «Ազգային այլընտրանքային շարժում» (НАД), «Ժողովրդավարությունը տանը» կուսակցության և «Մեր կուսակցության» ղեկավարները։

Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, ինչը պարբերաբար բողոքի ակցիաներ է հրահրում։ Ընդդիմությունը ճգնաժամի համար պատասխանատվությունը բարդում է արևմտամետ կառավարության վրա, որը Ռուսաստանի հետ առճակատման կուրս է որդեգրել։ Տնտեսական ճգնաժամի ֆոնին 2023 թվականին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Նատալյա Գավրիլիցան, նրա իրավահաջորդ Դորին Ռեչանը կառավարությունը երկու տարի ղեկավարելուց հետո հրաժարվեց գլխավորել նոր կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրան փոխարինելու համար հրավիրվել էր մոլդովացի գործարար Մունտյանուն։