Լրահոս
Միջազգային
15:18
12.02.22
279

Ռուս-ուկրաինական պատերազմն անխուսափելի՞ է․ մի շարք երկրներ տագնապած են

Img default alt hy

Վերջին օրերին ավելի է սեղմվում օղակը Մոսկվայի և Կիևի շուրջ՝ երկու երկրների միջև ռազմական հնարավոր բախումների հեռանկարի իմաստով։

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Ուկրաինան 48 ժամ է տվել Ռուսաստանին՝ վերջինիս կողմից հնարավոր հարձակման հանգամանքների մասին պաշտոնական Կիևին մանրամասն տեղեկացնելու վերաբերյալ։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հերթական անգամ ռազմական ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, թեպետ մինչև այդ նախագահ Բայդենը հայտարարել էր, որ մտադիր չէ զորք ուղարկել ուկրաինական կողմին՝ ռուս-ամերիկյան, իսկ մեծ հաշվով՝ համաշխարհային պատերազմի մակարդակի բախումներից խուսափելու համար։

Մի շարք լրատվամիջոցներ գրում են նաև, որ ԱՄՆ-ն փետրվարի 12-ին կհայտարարի Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին։

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հորդորել էր իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ Համանման նախազգուշացմամբ և կոչով Ուկրաինայում գտնվող իրենց քաղաքացիներին են դիմել մի շարք երկրներ, այդ թվում նաև՝ Կանադան։

Այսպես, Քուվեյթի իշխանությունները կոչ են արել էմիրության քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը․ «Քուվեյթ Պետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում այն ​​քաղաքացիներին, որոնք ուղեւորություններ են նախատեսում Ուկրաինա, հետաձգել դրանք մինչեւ ավելի հարմար ժամանակ»։

Բելգիայի ԱԳՆ-ն ևս իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան․ նախարարությունում նշել են, որ «2021 թվականի նոյեմբերից ի վեր Ուկրաինայի՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին լարվածությունն աճում է, իրավիճակը ծայրաստիճան անկանխատեսելի է»։

Ավստրալիայի վարչապետն իր հերթին կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։ «Սա շատ վտանգավոր իրավիճակ է, և ձեր անվտանգության համար դուք պետք է փորձեք լքել Ուկրաինան»։

Նիդերլանդները կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան. երկիրը լքում է նաև դեսպանության աշխատակիցների մեծ մասը։ 

Գերմանիան կրճատում է Կիևում իր դեսպանության անձնակազմի թվաքանակը։

Հայտնի է նաև, որ Նոր Զելանդիայի արտգործնախարարը կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։

Ի դեպ, միջազգային մասմեդիան լուրեր է շրջանառում այն մասին, որ ռուս դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան։ Ըստ տեղեկությունների, այդ մասին են, մասնավորապես, վկայում հյուպատոսություններում եւ դեսպանատանն ընդունելությունների ժամանակ առաջացած դժվարությունները։

Այս ու հաջորդիվ զարգացումները չեն բացառում այն աղետալի սցենարի կենսագործումը, ըստ որի՝ ռուս-ուկրաինական ռազմական բախումն անխուսափելի ու առավել իրատեսական է դառնում։