Լրահոս
Իրավական
10:26
12.01.23
111

Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կառերեսվեն․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 

6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որևէ մեկը մեղադրյալ չներգրավվեց: Եվ հիմա որոշվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր Ռուբեն Վարդազարյանը:

Ավելին` վերացվել են նաև Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի և Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու և գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, և վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվեց մի դատավորի հետ նրա զրույցի գաղտնալսման արդյունքում, դրա համար էլ նա իր և Ջհանգիրյանի զրույցը հանրայնացրեց: Ստացվում է, որ ԲԴԽ երկու նախագահներն էլ պաշտոնը կորցրեցին գաղտնալսման հետևանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։