Լրահոս
Հայաստան
12:04
16.02.22
703

Ռինգում հաղթում է նա, ով ավելի համարձակ է, այլ ոչ թե նա, ում համար ավելի շատ երկրպագուներ են եկել. Առուշ Առուշանյան

Img default alt hy

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին:

Հարցազրույցի կարևոր հատվածները ներկայացնում ենք հատվածաբար․

«Ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ չլինեն դժգոհություններ, ամեն օր նախորդ օրվանից մեր կյանքի որակն ավելի վատն է դառնում։ Վերջին 7 ամիսը, ինչ կալանավայրում եմ, ամենավատ երեւույթը, որը ֆիքսել եմ, եւ ամեն օր այդ կադրերն աչքիս առաջ են, դա մեր մեծապատիվ գյուղացիներն են, երբ բեռնատարներով խաղողը բերել էին վաճառելու գինու կոմբինատներին, ու գնող չկար, իսկ իշխանավորները, ձեռքերը ծալած, բազմել էին գահին՝ մեր եղբայրներին թողնելով արեւի տակ՝ դիտելու դժոխային ֆիլմ։ Պատկերացնո՞ւմ եք, մարդ մի ամբողջ տարի քրտնաջան չարչարվի արեւի տակ եւ վերջում տեսնի, թե իր ողջ տարվա ապրուստի միջոցն ինչպես է ոչնչանում։

Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել մի կառավարությունից, որը ղեկը վերցնելուց անմիջապես հետո փակեց մշակույթի, սպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները՝ անունը դնելով օպտիմալացում։ Սրանք այնքան են կտրվել իրականությունից՝ դառնալով առանձնահատուկ մեծամիտ եւ ինքնահավան, որ նույնիսկ հարկ չեն համարում լսել հասարակական կարծիքը, ավելին` «աստղայինն» այնքան է կտրել իրականությունից, որ 3 միլիոն վարչապետները հիմա դարձել են 3 միլիոն հասարակ մահկանացուներ։ Իսկ իրենք, գահին բազմած, դաս են տալիս հասարակ մահկանացուներին։ Եթե մեզանում դեռ կան մարդիկ, որ կարծում են, թե այս ամենը պատահականության արդյունք է կամ սխալ կադրային քաղաքականություն, պետք է ասեմ՝ մեղմ ասած, սխալվում եք։

Սա հատուկ մշակված քաղաքականություն է. հայտնի փաստ է, երբ մարդիկ ապրում են աղքատության մեջ, դառնում են անտարբեր ամեն ինչի եւ բոլոր արժեքների հանդեպ։ Իսկ անտարբեր հասարակությանը կառավարելը հեշտ է, ինչն անում են ներկայիս վախկոտները։ Որպես վերջաբան՝ կասեմ հետեւյալը․ բռնցքամարտի ռինգում հաղթում է նա, ով ավելի համարձակ է, այլ ոչ թե նա, ում համար ավելի շատ երկրպագուներ են եկել։ Այս չարիք պատմությունը եւս բացառություն չի լինի, քանզի դա բնության հրամայականն է»,- ասել է Գորիսի համայնքապետը։