Լրահոս
Տարածաշրջան
10:47
13.02.22
166

ՌԴ քաղաքացիության դիմումների հետ կապված փոփոխություն կլինի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության դիմումների ընդհանուր կարգով քննարկման, ինչպես նաև քաղաքական ապաստան ստացած անձանց, փախստականների և ՌԴ ԶՈւ-ում պայմանագրով զինվորականների համար նախատեսված դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել: Այժմ հայտերը քննարկվում են ողջ տարվա ընթացքում, առաջարկվում է կրճատել այդ ժամկետը մինչև երեք ամիս, հայտնում են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից։

2021 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթում նշվում են քաղաքացիություն ստանալու հիմնական պահանջները՝ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության և օրենսդրության հիմունքների իմացություն, ինչպես նաև Սահմանադրությանը հետևելու պարտավորություն և երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի բացակայություն:

ՆԳՆ-ում հայտարարել են, որ այս օրինագիծը գերատեսչությանը և դրա տարածքային մարմիններին ՌԴ քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման իրավասության փոխանցում է ենթադրում։ Նախատեսվում է, որ նախարարությունը պատասխանատվություն կկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար առանձին կատեգորիաների անձանց մասով, որոնց վերաբերյալ որոշումներն այժմ ընդունում է ՌԴ նախագահը։

Քաղաքացիների այս կատեգորիաների համար մտադիր են կրճատել քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման ժամանակը, նշել են ՆԳՆ-ում։

Նրանք նշել են, որ պետության ղեկավարի իրավասության ներքո կմնա միայն բացառիկ կարգով ՌԴ քաղաքացիության ընդունումը։ Դա կվերաբերի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են։ Դա տարածվում է նաև այն մարդկանց վրա, ովքեր հատուկ արժանիքներ ունեն Ռուսաստանի առջև, և այն անձանց, ովքեր իրենց մասնագիտության ուժով առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։