Լրահոս
Տարածաշրջան
19:30
13.01.23
108

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է Սոլեդարը, Ուկրաինան պնդում է, որ մարտերը շարունակվում են

Img default alt hy

Ռուսաստանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ընթացքում:

«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկ քաղաքից հարավ-արևմուտք տեղակայված ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, այնուհետև արգելափակել և շրջապատել այնտեղ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», - ասել է Կոնաշենկովը:

Նա հավելել է, որ Սոլեդարը գրավել հնարավոր է եղել ռուսական ուժերի գրոհային և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդին մշտական կրակային հարվածներ հասցնելու շնորհիվ:

Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հաստատել Սոլեդարի գրավման մասին տեղեկությունները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականին հայտնել էր, որ Սոլեդարում և Բախմուտում իրավիճակը չափազանց ծանր է:

«Արդեն մի քանի ամիս մարտեր են ընթանում, սակայն մեր մարտիկներին հաջողվում է պահել դիրքերը», - ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հսկայական կորուստներ ունի այնտեղ:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր Telegram-ալիքում այսօր առավոտյան հայտնել էր, որ Սոլեդարում «գիշերը թեժ է եղել, մարտերը շարունակվում են»:

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գերակշռում են, սակայն ուկրաինացի զինվորականները մարտնչում են հենց քաղաքի ներսում:

Սոլեդար քաղաքը հայտնի է իր աղի հանքերով, որի պաշարները գրեթե անսպառ են: