Լրահոս
Հասարակական
15:46
08.06.22
149

Փրկարարները շարունակում են Սևանա լճում մայիսի 6-ից անհետացած ձկնորսի որոնողական աշխատանքները

Img default alt hy

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սևանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այսօր առավոտվանից կրկին շարունակվել և ընթանում են որոնողական աշխատանքները լճի վրա և ափամերձ հատվածներում։ Փրկարարական աշխատանքներում ընդգրկված են 12 հոգի։

«Մայիսի 6-ից մինչ օրս որոնողական աշխատանքները փրկարարների կողմից չեն դադարել ոչ մի օր։ Մայիսի 23-ի որոնումների արդյունքում փրկարարները կարողացան գտնել Իշխան Աբրոյանի հետ միասին ձկնորսության դուրս եկած և անհետացած Ավետիք Սևոյանի դին, սակայն մինչ այժմ կատարված որոնումներն  անարդյունք են ավարտվում Իշխան Աբրոյանին հայտնաբերելու ուղղությամբ, թեև օրավուր ընդլայնում ենք որոնումների շրջանակը»,- ներկայացրել է Գարիկ Հակոբյանը։