Լրահոս
Հայաստան
12:59
11.02.22
284

Պատմական որոշում․ Կալիֆորնիան և Սյունիքը՝ քույր նահանգ/ մարզեր

Img default alt hy

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու մասին բանաձև, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևով Կալիֆորնիան համերաշխություն է հայտնում Հայաստանի հարավային մարզին՝ Սյունիքին:

Այն կնպաստի երկու վարչական միավորների կրթական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությանը: Նշվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները կապված են պատմական, ժողովրդավարության, ազատության և բարգավաճման ընդհանուր արժեքներով, և այս բանաձևի ընդունումը վերահաստատում է այդ փաստը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել ու բարձր է գնահատել բանաձևը հեղինակած, Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենի  ջանքերը փաստաթղթի ընդունման ուղղությամբ:

Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը նշել է, որ Սյունիք մարզի հետ հարաբերությունների ամրապնդումն արվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանային ուժերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, վտանգ են ներկայացնում մարզի գոյությանն ու  կենսապահովմանը:

«Այս բանաձևը վերահաստատում է Կալիֆոռնիայի համերաշխությունը Հայաստանի և մեր 1 միլիոնանոց ուժեղ հայ համայնքի հետ։ Այսօր մենք երկարատև կապեր ենք ստեղծում ավելի լավ վաղվա օրվա համար»,-նշել է նա:

Քրիս Հոլդենի հեղինակած Կալիֆոռնիայի նահանգի և Սյունիքի մարզի միջև քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու վերաբերյալ բանաձևը 2021թ․ սեպտեմբերի 2-ին հաստատվել էր Կալիֆոռնիայի Ասամբլեայում: