Լրահոս
Հայաստան
13:27
15.02.22
141

Պատերազմի աղետներում ամենաշատ մեղադրվող մարդիկ ո՞նց կարող են իրենք իրենց քննել․ ռազմական փորձագետ

Img default alt hy

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք ու գլխավորությամբ հնարավոր կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտումներ անել։

«Դա նույնն է, որ մեղուները մեղրի դեմ հանձնաժողով ստեղծեն, ո՞նց կարող են մարդիկ, որոնք ամենից շատ են մեղադրվում պատերազմի աղետի, կորուստների համար, իրենք իրենց քննեն, աբսուրդ է սա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովում, անկախ արդյունքներից, կլեգիտիմացներ աշխատանքը, ըստ այդմ, հասկանալի է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել «այդ խեղկատակությանը»։

Նրա խոսքով՝ ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը հնարավորություն կստանա աշխատանքը ցույց տալու՝ ասելով, որ «տեսեք՝ ընդդիմությունն էլ էր ներկա»։

«Ցանկացած պահի ընդդիմությանը կարող են նույն այդ հանձնաժողովի աշխատանքներից՝ սադրելով լինի, թե գործողություններով, չեզոքացնել, մյուս կողմից, ես դեռ չեմ լսել որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է ընդդիմությունը մնար այդ հանձնաժողովում. մենք շատ լավ տեսնում ենք, որ Ազգային ժողովում ամեն կերպ խանգարում են ընդդիմությանը, հօգուտ Հայաստանի համախմբվելու որևէ գործողություն չկա. իշխանությունների համար մեկ խնդիրն ընդդիմության դեմ պայքարելն է, ոչ թե Հայաստանի համար աշխատելը»,- ասել է Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ պատերազմի ավարտից հետո պետք է անկախ հանձնաժողով ստեղծեր ու այդ ձևով աշխատեր։

«Խոսքս անկախ ընդդիմության մասին է, ոչ թե իշխանության գրպանում ծվարած «ընդդդիմության»»,- նշել է նա։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն։

«Ոչ միայն բանակի գրպանը կգցի մեղավորությունը, այլ՝ այդ պահին քաղաքական որ ուժին հարմար լինի, մենք դրա օրինակները տեսնում ենք, երբ ինչ-որ իշխանամերձ ֆեյքեր մարդկանց մեղադրում են դավաճանության համար։ Անշուշտ, հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական ճնշման գործիք իշխանության հակառակորդների դեմ»,- ընդգծել է փորձագետը։

Անհրաժեշտ է արդյոք հանձնաժողովում ներառել նաև Արցախից ներկայացուցիչների, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իշխանությունն իր քայլերը լեգիտիմացնելու համար կփորձի ում հնարավոր է ներառել հանձնաժողովում։

«Ձեռքներին ճար լիներ՝ Իլհամ Ալիևին էլ կներառեին»,- հավելել է ռազմական փորձագետը։

Երեկ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, ընդդիմությունը, սակայն, լքել է նիստերի դահլիճը։

Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»:

Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան։