Լրահոս
Քաղաքական
11:00
11.01.23
145

Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի ցուցմունքը. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը:

Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների և դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են և դրանք կարգավորող իրավական ակտերը:

Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների և դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով:

Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարևորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր: 

Հիմա կարևորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, և այդ մասին տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաև Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը»: