Լրահոս
Քաղաքական
12:07
13.01.23
77

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը և կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչև 2022-ի տարեվերջ։

Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչև տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց:

Վերջերս «Սիվիլնեթ»-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն և հստակ ժամկետներ խնդրել: ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, և կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023թ.-ի ընթացքում։ Նախարարությունից նաև հստակեցրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռևս չի ստեղծվել։ 

Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների և նպատակահարմարության մասին, և, ամենակարևորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որևէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից:

Եթե պատերազմի հանցանքներն էլ մենք չենք կարողանում ապացուցել արբանյակից արված կադրերով, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես դրա գոյությունը»: