Լրահոս
Քաղաքական
11:32
12.01.23
170

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 3. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի՝ հարցազրույցի ժամանակ անդրադարձ էր եղել նաև ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային:

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին-խմբ.) հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:

Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն: Ապա նա ընդգծել էր, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ այն ժամանակ դեռ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և դրական էր գնահատել Արտաքին գործերի նախարարության աշխատանքը: Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների և ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային և հուսալի պետություններից մեկն է»,- ասել էր նա:

Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել էր «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարևորության և մեծ հավատարմություն» ունեցող երկիր, և հավելում են. «Հարաբերությունների և դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից և որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն՝ նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։