Լրահոս
Քաղաքական
22:45
08.11.25
575

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա

Img default alt hy

Արծվաշենն ու ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները «վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե տարածքներ վերադարձնելու, այլ հանձնելու մասին էր, Aysor.am-ին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:  

«Սա այն մասին է, ինչ իրենք տարիներ շարունակ քննարկել ու բարձրաձայնել են, որ, այո՛, պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Հայաստանից տարածքներ: Դեռ Կիրանցի հատվածի սահմանազատումը սկսելուց առաջ էին քննարկում, հերթականություն էլ էին ասել՝ ոնց են շարժվելու: Ամեն տարածքի համար յուրահատուկ մոտեցում ունեն՝ մի տեղ GPS-ով են անում, մի տեղ՝ սովետական քարտեզով, մի տեղ՝ Ադրբեջանի՝ պահի տակ ունեցած հարմարությամբ են անում: Բայց այդ բոլոր տարբերակները, որոնք ընտրում են, Հայաստանի շահի և անվտանգության հետ որևէ կերպ չեն առնչվում»,- ասաց ադրբեջանագետը:

Անժելա Էլիբեգովան վստահ է՝ ադրբեջանցիները ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չեն գալու.

«Որովհետև բազմաթիվ անգամներ  ասել են՝ ո՞վ է ասում, որ մենք ձեր տարածքն ենք օկուպացրել: Կսահմանազատենք, նոր կերևա: Իսկ այդ սահմանազատումը կարող է տևել 30 և ավելի տարի: Այսինքն՝ այն, ինչ անոնսվում է, հանձնելու մասին է, ոչ թե ստանալու»: