Լրահոս
Քաղաքական
14:07
11.01.23
62

Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար:

Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաև մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ նաև, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել: 

Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը:

Կառավարության թիվ մեկ շենքից, ենթադրենք, կառավարության երրորդ մասնաշենք հասնելու համար, որոնց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է, Փաշինյանն ուժայիններին ոտքի է հանում, նախարարության աշխատակիցների համար լարվածության մթնոլորտ ստեղծում, ինչ է թե ցույց տա, որ ինքն անարգել ուր ասես, կարող է գնալ:

Անգամ շատ աշխատակիցների սենյակներում անծանոթ ուժայիններ են գնում, նստում, մինչև վարչապետի կարճատև հանդիպումն ավարտվի:

Հ.Գ. Երեկ զգուշավոր իրավիճակ էր տիրում նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ: Որոշում էր կայացվել լրագրողներին մեկ տեղում հավաքել և բոլորին միանգամից ուղեկցել ասուլիսի վայր, մինչ այդ էլ կառավարության անցակետում բոլոր լրագրողներից վերցրել էին անձը հաստատող փաստաթղթերը, որոնք վերադարձվեցին միայն ասուլիսի ավարտից և շենքից դուրս գալուց հետո: Սա արարք է, որն արգելված է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով. «Արգելվում է անձնագիրը վերցնելը»: