Լրահոս
Հայաստան
17:28
21.01.22
675

Ոսկեհատցի տղան ծանոթների անունով առցանց ձևակերպել է վարկեր. կանխիկացնելուն օգնել է մայրը

Img default alt hy

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը մոր հետ, երբեմն էլ միայնակ, խաբեությամբ հափշտակել է ծանոթների անձնագրային ու բանկային քարտի տվյալները, վարկեր ձևակերպել նրանց անուններով, ապա կանխիկացրել վարկերի գումարները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել շուրջ 10 անձի։ Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները պարզել են մեխանիզմը, որով նրան հաջողվել է ստանալ բանկային քարտերի տվյալները։ Եվ այսպես, 27-ամյա երիտասարդի մայրն ասել է, որ արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին։ Նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները:

Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7․173․429 ՀՀ դրամի վնաս:

Որպես խափանման միջոց մոր և որդու նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: