Լրահոս
Հասարակական
17:59
15.02.22
232

Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«2022 թ. Փետրվարի 7-ին ԱՀ ԱԺ նախագահին էին դիմել Մարտունու շրջանի Խերխան գյուղի համայնքի ղեկավարը, հիմնական դպրոցի տնօրենը, բնակիչները (դիմումը՝ նկարում): Ս/թ փետրվարի 10-ին հանրագիրը հասցեագրվել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամն եմ նաև ես:

Նույն օրը հեռախոսազրույց ունեցա Խերխանի համայնքի ղեկավար պարոն Կարապետյանի հետ՝ մանրամասները ճշտելու և խնդրի պատճառները վերհանելու համար նաև առաջարկեցի հաջորդ օրը մասնակցել ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների և մեր հանձնաժողովի հանդիպմանը:

Արդյունքում հերթական ցավալի իրողությունն արձանագրվեց. ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում որոշում է կայացվել լուծարել Խերխանի և Ծովատեղիի դպրոցները, աշակերտների տեղափոխել 5 կմ հարևանությամբ գտնվող Հերհեր գյուղի դպրոց (ընդ որում որոշումը կայացվել է առանց ԿԳՄՍ նախարարության հետ քննարկելու): 

Ստեփանակերտից՝ Խերխանի և Ծովատեղիի ճակատագիրը որոշողները, հայտարարել են, որ Հերհերում երկարօրյա դպրոց են բացելու և տրանսպորտային միջոց են տրամադրելու: Առաջին հայացքից՝ հոգատար ղեկավարություն, սակայն նպատակը Ծովատեղիի դպրոցի նորակառույց շենքը արտադրամասի վերածելն է: Իսկ վտանգները տեսնում են միայն Խերխանի բնակիչները.

1)նույնիսկ, եթե լավագույն տրանսպորտային միջոցը հատկացնեն,ով գիտի Խերխանի աշխարհագրական դիրքը, կպատկերացնի, թե ամեն օր ինչ վտանգներ պիտի հաղթահարեն երեխաները Հերհերի դպրոց հաճախելու համար:

2)Երկու գյուղերի երեխաները, լավագույն դեպքում, առավոտյան ժամը 8-ին պիտի տնից դուրս գան, վերադառնան երեկոյան ժամը 18-ին:

3)Խերխանը փոքր գյուղ է, սակայն հիմնականում բնակեցված է երիտասարդներով, կա մինչև 5 տարեկան 17 երեխա, որից 5-ը եկող ուսումնական տարում կհաճախեն 1-ին դասարան:

4)Գյուղում 18 չբնակեցված տուն կա, որոնք կարելի է վերանորոգել և տրամադրել բռնի տեղահանված ընտանիքների:

Փոխարենը մեր «մտահոգ» կառավարիչները նման քայլերի գնալով, մեծացնում են պետության ֆինանսական բեռը, նպաստում են 2 գյուղերի ոչնչացմանը:

Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը, ո՞ւմ անձնական շահն է և, ի վերջո, տեղյա՞կ է արդյոք Արայիկ Հարությունյանը, թե՞ հենց իր հրահանգով է համայնքների ընդհատակյա խոշորացում կատարվում»: