Լրահոս
Հայաստան
14:37
25.01.22
1 304

Մենք ադրբեջանցի զինվորին չենք պարտվել. ՀՀ-ում ու Արցախում ԱԹՍ լաբորատորիաներ կբացվեն

Img default alt hy

2022թ․ Հայաստանում ու Արցախում նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորիա բացել։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ․ գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին ՀՀ-ում միայն 1 նման լաբորատորիա է գործում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այն հիմնադրվել է 2021թ․` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

«Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որին 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը»,- ասաց Քասսարջյանը։

Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։ Նրանց համար անվճար դասընթացները կազմակերպվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններում։

Շարունակելով թեման` ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։

«Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, որովհետև երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, ու, եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ–ում ներդրված տեխնոլոգիաներին»,- ասաց Չոբանյանը։

Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ–ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։

Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։

«Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք ՀՀ սահմաններից։

Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,- ասաց Չոբանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։