Լրահոս
Միջազգային
11:18
14.02.22
358

Կհարձակվի՞ Ռուսաստանը Ուկրաինայի վրա․ ԱՄՆ-ում թեման կրկին ակտուալ է

Img default alt hy

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ պատրաստ չէ հաստատել հետախուզական ծառայությունների տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ծրագրում է ռազմական ներխուժում Ուկրաինա, սակայն Միացյալ Նահանգները կփորձի օգնել՝ կանխելու ցանկացած հանկարծակի հարձակում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք ի վիճակի չենք ճշգրիտ կանխատեսել ներխուժման օրը, բայց մենք արդեն որոշ ժամանակ է՝ ասում ենք, որ եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած օր, ներառյալ Օլիմպիական խաղերի եզրափակիչ շաբաթը»,- ասել է Սալիվանը CNN-ի «Երկրի դրության մասին» հաղորդաշարի եթերում։     

«Ռուսաստանի իշխանություններն ուժեր են կուտակում, մանևրներ են իրականացնում, և դրանից ակնհայտ է դառանում, որ մոտ ժամանակներս խոշոր ռազմական գործողությունների հավանականություն կա»,- ասել է Սալիվանը։

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը՝ ներխուժման սպառնալիքի պատճառով։