Լրահոս
Հասարակական
19:45
29.07.25
134

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

- «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ),

- «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ»,

- «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝   կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու(C14:0), կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին և «ԱՑԽՄ»,

- «Սերուցք» ապրանքատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ»,

- «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը` «կաթնայուղի զանգվածային մաս» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

- կաթի հավաքման սառնարանների տեղակայման շինության կառուցվածքը չի ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը տարածք (սառեցման համակարգերը տեղադրված են դրսում),

-  առաստաղն անհարթ է և ապահովված չի եղել մասնիկների թափվելուց, պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից,

- արտադրական շինության հատակի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- տեղամասից տեղամաս տանող միջանցքների և արտադրական տեղամասերի պատերն անհարթ են եղել, դռան կողքերը՝ քանդված,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների մակերեսները եղել են անհարթ, քերծվածքներով, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

- կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,

- սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ,

- տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիրեր,

- հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։