Լրահոս
Քաղաքական
19:40
08.11.25
3 384

Ինչի՞ համար է նախատեսված Փաշինյանի «էլեկտրական շունը»

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը բանակին նոր սպառազինություն մատակարարելու տրամաբանության ներքո տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է շնանման մի ռոբոտ կատարում պարզունակ հրահանգներ, Փաշինյանը կից գրել է՝ «Մեր զինվորների նոր բարեկամը»: 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից փորձեցինք ճշտել, թե այդ ի՞նչ նոր «գերհզոր» ռոբոտ է ձեռք բերել Փաշինյանը և ինչի համար է այն նախատեսված.

«Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռոբոտ շունը արտաքնապես նման է «Բոսթոն դայնամիքս» ընկերության արտադրության «սփոթ» անունով ռոբոտին, բայց իրականում նույնը չէ, որոշ տարբերություններ կան։ Այն, որ մանրամասներ չկան, արդեն կասկածներ են առաջացնում, թե ինչքանով է դա նորմալ աշխատանքային տարբերակ, այլ ոչ թե ինչ-որ փորձանմուշ։ 

Ինչ վերաբերվում է այդ «սփոթ» ռոբոտներին ու դրանց կիրառմանը ռազմական գործողություններում, ապա դրանք դեռ 2016 թվականից կան, և 2016-ից ի վեր «Բոսթոն դայնամիքսը» փորձում է դա տարբեր արևմտյան երկրների բանակների վաճառել, ու իրականում բարդություններ ունեն դրա հետ։ Միակ նորությունը, որ այդ թեմայով աչքովս ընկավ այն էր, որ Բրիտանիայում մոտ մի տարի առաջ վերցրել են այդ «սփոթ» ռոբոտները որպես սակրավոր ռոբոտներ։ Թե ինչքանով են դրանք արդյունավետ, դեռ առանձնապես հայտնի չէ։ 

Իրականում այդ ռոբոտների շուրջ շատ մեծ գովազդային արշավ կա, «Բոսթոն դայնամիքսը» բավականին զվարճալի տեսանյութեր է տարածում արդեն 10 տարի է, բայց նույն այդ ընկերությունը հատուկ մի պարտավորության տակ է ստորագրել, որ այդ ռոբոտները չեն կիրառվելու որպես մարտական ռոբոտներ, այսինքն՝ հարձակողական նպատակներով»,- News.5tv.am-ին ասաց Վրթանեսյանը։