Լրահոս
Հասարակական
21:16
15.02.22
193

Ի՞նչ ծանր վիրավորանք է հասցրել Էդգար Ղազարյանը վարչապետին

Img default alt hy

Պարզվում է` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծանր վիրավորանք է հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել: Բանն այն է, որ Ղազարյանի նոյեմբերին արված հենց մի հայտարարություն դիտարկվել է որպես վիրավորանք։

Նա ասել է.

«Ես իհարկե հարցս իզուր չտվեցի, թե հրավիրվա՞ծ է արդյոք այստեղ միլիմետրի ճշտությամբ տեղեկություններ ունեցողը, բայց կարծում եմ, որ պետք էլ չէր այսօր նրան այստեղ հրավիրել, որովհետև վաղը Ռուսաստանում կարևոր հանդիպում է նախատեսված և միգուցե ավանդույթի համաձայն ռուսական սանիտարահիգիենիկ ծառայություններն այսօր բավականին մեծ աշխատանք ունեն՝ նախապատրաստական իրականացնելու»:

Թե իրականում այս չանձնավորված մտքերն ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել և ինչու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ հենց այս հայտարարության համար քրեական գործ հարուցվել, «Հրապարակ» օրաթերթը փորձել է պարզել հենց Էդգար Ղազարյանից: 

Ըստ նրա` այս քրեական գործն ակնհայտ քաղաքական դեպրեսիվ ներազդեցությամբ մի բան է, ավելին` որևէ իրավական տարր պետք չէ փնտրել այդտեղ: 

«Քրեական օրենսգիրքն ասում է՝ անձին ուղղված հայհոյանքն է համարվում ծանր վիրավորանք, ի դեպ, ես անձի հետ կապված խոսք անգամ չեմ ասել: Հետևաբար վերոնշյալ հայտարարության համար քրեական գործ հարուցելը քաղաքական հետապնդման պրիմիտիվ դրսևորում է: Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր, երբ ինձ հրավիրել էին ոստիկանություն բացատրություն տալու, անգամ ոստիկանության աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե այս ելույթի որ մասը կարելի է առանձնացնել, որը կարող է առնչություն ունենալ այդ հոդվածի հետ»,- նշում է Ղազարյանը:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս և ո՞վ է որոշել, որ վերոնշյալ հայտարարությունը ծանր վիրավորանք է և ինչպես է այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվել, Ղազարյանը նշեց. «Այս գործի նախաձեռնողը ոստիկանության քրեական վարչությունն է, որը սկզբից հանձնարարական է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նյութեր նախապատրաստեն:

Ինձ սկզբում հրավիրեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ես գնացի, անգամ իրենք էլ ասացին, որ ոչինչ չեն տեսնում հայտարարությանս մեջ, իսկ ահա ես էլ գրեցի բացատրություն այն մասին, որ իմ ելույթն ունեցել է բացառապես քաղաքական բնույթ և որևէ անձի վիրավորանք, առավել ևս ծանր վիրավորանք ելույթում չի հնչել:

Դրանով սահմանափակվել է: Ըստ երևույթին Արաբկիրի բաժնից նյութերն ուղարկվել են քրեական վարչություն և հենց այնտեղ է հարուցվել գործը: Գործը ոչ թե քննչական կոմիտեում է հարուցվել, այլ ոստիկանությում: Շատ տարօրինակ է, որ քննիչն ինձ ներգրավել է որպես գործով վկա: Վկան այն անձն է, որն այս կամ այն ձևով ներկա է եղել ենթադրյալ հանցագործությանը: Այս գործով վկա կարող է հանդիսանալ երկրագնդի ողջ բնակչությունը: Քանի որ իմ ելույթը հնչել է ԱԺ ամբիոնից:

Քննիչին հարց եմ տալիս, իմ ելույթի ո՞ր մասն է պարունակում ենթադրյալ հանցանքը, քննիչը պատասխանում է, որ խոսքը հավանաբար կարող է վերաբերվել ռուսական սանիտարահիգիենիկ ծառայությունների մասին արված հատվածին: Սա նույնն է, թե մեկին ասես բաղնիքդ անուշ, ասի՝ ինչի ես վիրավորում»,- նշում է Ղազարյանը: