Լրահոս
Տարածաշրջան
10:00
06.02.23
298

Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ

Img default alt hy

Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ է զոհվել, զոհերի թիվն աճում է։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում:

Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն հայտնել է, որ տուժել են 10 քաղաքներ՝ Գազիանթեփ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիե, Ադիյաման, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիարբեքիր և Քիլիս ։

Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և թուրքական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում:

Ինչպես հաղորդում Է Reuters-ը, սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել, Համայի քաղաքացիական ծառայության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ ևս մի քանի շենքեր են փլուզվել:

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ BBC-ի պրոդյուսեր Ռուշդի Աբուալուֆը Գազայի հատվածում ասել է, որ տունը, որտեղ նա ապրում էր, ցնցվել է մոտ 45 վայրկյան: