Լրահոս
Քաղաքական
22:17
08.10.22
96

ՀՀ վարչապետը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը. ՀՅԴ

Img default alt hy

Վճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր և հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, և այդ հիմքով Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորովածութիյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ կենտրոնական գրասենյակը:

«Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր և հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, և այդ հիմքով Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։

Յայտարարում ենք.

-ՀՀ վարչապետը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը և չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի և Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։

-Միջազգային իրաւունքի սկզբունքների և նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաև Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման և սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում և իրականացում անընդունելի է։

-Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային և ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան և այն սակարկման ենթակայ չէ։

-Հայաստանի Հանրապետութիւնը որևէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան և ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին և հետևողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։

Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ և բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.

ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,

բ) պաշտպանութեան և անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,

գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:

Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձևավորման դէպքում։

Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները և կոչ ենք անում միասնական պայքարի» ։