Լրահոս
Քաղաքական
17:52
02.10.24
251

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը․ Փաշինյան

Img default alt hy

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր ոչ մեկին չի հանձնվել, և ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև ընդհակառակը՝ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ տարածքային ամբողջականության անկյունաքարը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությանը՝ ընդդիմությանը ծանոթացնելու հարցին, Փաշինյանն ասաց.

«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին: Ծանոթացել եք, հետո իրականությանը չհամապատասխանող գրառումներ եք արել սոցիալական ցանցերում, ձեր քաղաքական նպաակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք, որն է  տրամաբանությունը:  Ես ձեզ տվել եմ այդ հնարավորությունը, որ դուք որպես ԱԺ պատգամավորներ, ծանոթ լինեք գործընթացին: Ավելին ասեմ՝ երևի ՔՊ խմբակցության պատգամավորները ծանոթ չեն»,- ասաց Փաշինյանը: 

«Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պատկերացումները տարբեր են. իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա գոյություն ունի: Այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքից օկուպացված տարածքներ կան՝ ավելի քան 200 քկմ, բայց ասում ենք՝ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը: