Լրահոս
Քաղաքական
11:49
27.08.22
150

Հայաստանում մինչ օրս հանրաքվեի միջոցով հարց չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է մեծ թվով հայտարարություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Դրանցից մեկը վերաբերում է նաև հանրաքվեի ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերում է նրա ելույթներից մեկը. «Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով:

Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»: Սակայն նրա ելույթից մինչև օրս չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում որևէ որոշում կայացվի հանրաքվեի միջոցով:

Հիշեցնենք, որ անգամ համայնքների խոշորացման ծրագիրը ընդունվեց և իրականացվեց առանց տեղական հանրաքվեի, և սա այն դեպքում, երբ դա հստակ ամրագրված էր օրենքով: Ստացվում է՝ հատկապես իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը մշտապես կատարել է ականջահաճո հայտարարություններ, սակայն դրանցից շատ քչերն են իրականություն դարձել. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։