Լրահոս
Սպորտ
23:43
11.02.22
127

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են նոր մրցաշրջանին

Այս մրցաշրջանում միջազգային պատասխանատու բազմաթիվ մրցումների պետք է մասնակցեն Հայաստանի բռնցքամարտիկները:  

Մարտի 11-ին Խորվաթիայի Պորեց քաղաքում կմեկնարկի Եվորպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակիչը տեղի կունենա մարտի 23-ին: Այնուհետև երկրի գլխավոր թիմը կմասնակցի մարտի վերջերին Բելգրադում և Հելսինկիում գրեթե միաժամանակ սկսվող միջազգային մրցաշարերից մեկին:

Դա ստուգողական բնույթ կկրի և մարզչական խորհուրդը լիարժեք կարծիք կկազմի մայիսի 21-31-ը Երևանում նշանակված Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին: 

Եվրոպականում մրցանակները կխաղարկվեն 13 քաշային կարգերում: Այս ամենի մասին «shamshyan.com»-ի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: 

Նրա ղեկավարած թիմը փետրվարի 8-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Համատեղ մարզումները կշարունակվեն Երևանի Օլիմպավանում: 

Աղամալյանն ընդգծել է, որ մարզումներում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը /48 կգ/ և Էլիդա Քոչարյանը /60 կգ/: 

Նրանք 22 տարեկանների կազմում նույնպես մասնակցելու են Եվրոպայի երիտասարդականին: 

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարած համակազմը /12 հոգի/ փետրվարի 4-ից «խարիսխ է ձգել» մայրաքաղաքի Օլիմպավանում:

Թիմը նախապատրաստվում է փետրվարի 19-ին Բուլղարիայի Սոֆիայում «Ստրանջա» անվանումով միջազգային մրցաշարին: 

Ռաֆայել Մեհրաբյանին և երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանին առավելապես հետաքրքրում են Լիլիթ Դալլաքյանի /48 կգ/, Անուշ Գրիգորյանի /50 կգ/ և Անի Հովսեփյանի /70 կգ/ մարզական-մարտական ընդհանուր որակները: 

Այս երեք մարզուհիները պետք է Հայաստանը ներկայացնեն Թուրքիայում մայիսի 6-21-ը անցկացվելիք աշխարհի առաջնությունում: