Լրահոս
Հայաստան
22:08
11.02.22
137

Գարիկ Սարգսյանի վարորդն անվճար երթուղու «Գազելն» է վարում․ «Հետք»

Img default alt hy

Արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը․ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

«Քաղաքացիները նշված լուրի «ֆեյսբուքյան» գրառման տակ մեկնաբանություններ էին թողել՝ հիշեցնելով, որ ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չի կարելի բարեգործություն կատարել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։

Գարիկ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ անվճար երթուղու սպասարկումը որևէ առնչություն չունի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացների հետ և չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիրքի օգտագործում։

«Այժմ մենք բաց երթուղիներ ունենք, գյուղերը Վեդիի հետ կապելու խնդիր կա, դրա համար որոշել ենք անվճար երթուղի շահագործել: Մենք չենք կարող վճարովի ծառայություն մատուցել, համայնքը չի կարող շահույթ հետապնդել»,- ասել է Գարիկ Սարգսյանը:

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ անվճար երթուղին լուրջ ծախսեր չի նախատեսում և դրա համար «չարժեր նույնիսկ քաղաքացիներից գումար վերցնել»: Նրա հավաստմամբ, օրական 3500 դրամի չափով գազի գումար է պահանջվում:

«Վարորդը իմ վարորդն է, որը ծառայողական ավտոմեքենան պիտի վարեր: Ես հրաժարվել եմ վարորդից, իմ մեքենան վարում է օգնականս: «Գազել» մակնիշի ավտոմեքենան էլ համայնքապետարանի ավտոմեքենան է»,- ասել է Գ. Սարգսյանը՝ հավելելով, որ երթուղին գործելու է միայն աշխատանքային օրերին, և ամսվա կտրվածքով վառելիքի ծախսը չի գերազանցելու 70.000 դրամը:

Իսկ «Գազելի» վարորդը վարձատրվում է նույն դրույքաչափով, ինչ նախատեսված է համայնքի ղեկավարի վարորդի համար»,- գրել է «Հետք»-ը: