Լրահոս
Շոու բիզնես
11:30
12.05.23
471

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին

Img default alt hy

Երիտասարդ, խարիզմատիկ երգչուհի Բրյունետը, որի «Բաց կապույտ աչքերդ», «Smoke break» երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան  «Future Lover» երգի առանձնահատկությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը շատերին անակնկալի բերեց ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում:

«Բոլոր այն մարդկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով:  Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ,  և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ»,-մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին:

Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Բրյունետը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին: «Երբ ես երգում ասում եմ  «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը»,-շեշտել է Բրյունետը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին: